ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

 
 

Դիցուք՝ այսօր կանդրադառնանք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: 2012-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը,  ընդունելով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել էր, որ «Այլընտրանք չկա. Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

 

2013-ին ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, որ բոլոր նա խադրյալները կան Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: «Դրա բոլոր նախադրյալները կան՝ ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի և միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասում էր Աբրահամյանը:

 

2014 թվականին վերջինիս հայտարարում էր՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հակամարտությունից խուսափելու համար, բայց պարտադրված պատերազմի դեպքում հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել հայրենիքը, սահմանները և հաղթել: «Ամեն դեպքում մեր անվտանգությունը սկսում է Արցախից: Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը: Դա է Հայաստանի անվտանգության երաշխիքը. և ես ամեն հնարավորություններն ստեղծելու եմ, որ Արցախը դառնա ավելի ապահով երկիր, ինչը միանգամից ածանցվում է նաև Հայաստանի անվտանգության հետ»,- ասում էր Աբրահամյանը:

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Աբրահամյանը հայտարարում էր, որ ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:

Նույն 2014-ին Արցախում Աբրահամյանը հայտարարում էր, որ «Արցախ աշխարհը պետք է լինի կայուն, անվտանգ և ունենա հզոր տնտեսություն»:

2015-ին Արցախում նա կոչ էր անում ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, բացի այդ նա հայտարարում էր, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:

 

Եթե դիտարկում ենք երկար տարիներ ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի հռետորաբանությունը Արցախի հարցում, ապա այն միանշանակ է՝ հետ քայլ հնարավոր չէ, Ադրբեջանի կազմում գտնվելը հնարավոր չէ, Արցախն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Այժմ, երբ Արցախը փաստացի չկա, իսկ Հայաստանի անվտանգությունը գտնվում է լրջագույն վտանգների առջև, արդյո՞ք ոչինչ չունի ասելու այն քաղաքական գործիչը, ում կարիերան մեծապես կառուցվել է նաև Արցախի անունը հոլովելով, ով այսքան տարի շարունակ հրապարակավ աջակցել է արցախցիների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքին, իսկ այսօր լռում է և նախընտրում է անգամ քաղաքացիական դիրքորոշում հայտնելուց զերծ մնալ: Գուցե պատճառը շատ ավելի տրիվիալ է՝ քրեական գործերը, որոնք այս պահին հարուցված են նախկին վարչապետի դեմ: Հիշեցնենք՝  նա անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Պետությունը նրանից փորձում է առգրավել 59 անշարժ գույք և ավելի քան 21 միլիարդ դրամ։