Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ առաջիկայում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ կասի, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին:
NEWS.am-ի այն հիշեցմանը, թե ինքը խոստացել էր իր խնամի Ծառուկյանից ճշտել, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում անձամբ Գագիկ Ծառուկյանը կպատասխանի այդ հարցին:
Դիտարկմանը, թե Արարատում արդեն խոսակցություններ են շրջանառվել, որ Սուրենավանի գյուղապետի մահը ոչ թե դժբախտ պատահարի հետեւանք է, այլ՝ սպանություն, քանի որ առջեւով մեքենա է անցել, նա արձագանքեց, թե չի կարծում, որ դա սպանություն է, ավելացնելով, որ քննությունը կպարզի եղելությունը:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ով է համակարգելու Երեւանի ավագանու ընտրությունները՝ ի՞նքը, թե՞ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երկուսս էլ. ով կուզի, նա կանի»: