ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ Ջո Բայդենի՝ պաշտոնը ստանձնելու օրը կհայտարարի իր մասնակցության մասին գալիք նախագահական ընտրություններին, գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ երկու աղբյուր հաստատել են, որ Թրամփը ծրագրում է բարձրաձայն հայտարարություն անել Բայդենի երդմնակալության օրը:
Ընդգծվում է, որ Թրամփը մտադիր է պահպանել հանրապետականների շրջանում իր առաջնորդությունը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդները դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն էին:
Նոյեմբերի 7-ին ABC News, FOX News, CNN, AP և NBC ամերիկյան առաջատար լրատվամիջոցները հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել:
ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: