Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել իր եղբորը՝ Ջեբին, մասնակցել 2016 թվականի նախագահական մրցարշավին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph թերթին:
ԱՄՆ-ի նախկին նախագահը նշել է, թե չի ցանկանում ստիպել կրտսեր եղբորը՝ պայքարելու երկրի ղեկավարի պաշտոնի համար: Սակայն հաջողության դեպքում Ջեբ Բուշը կարող է դառնալ ընտանիքի՝ վերջին երեսուն տարում նախագահ ընտրված երրորդ ներկայացուցիչը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ջեբ Բուշի վրա ճնշումն աճել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունն սկսել է կենտրոնամետ հայացքներով թեկնածուի փնտրել, որպեսզի մրցակցի Հիլարի Քլինթոնի հետ, որը դեմոկրատներից առաջադրվելու մեծ շանսեր ունի:
Ջեբ Բուշը 61 տարեկան է: Նա եղել է Ֆլորիդայի նահանգի նահանգապետ: Իր կնոջ մեքսիկական ծագման շնորհիվ սերտ կապեր ունի լատինամերիկյան համայնքի հետ: Սակայն նրա թեկնածությունը հարուցում է ամերիկյան քաղաքականության մեջ դինաստիաների ստեղծման հակառակորդների սուր դժգոհությունը: Վերջին երեք նախագահներից երկուսը՝ Ջորջ Բուշ ավագը եւ կրտսերը, նույն ընտանիքից են եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: