Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ Լահամը մայիսի 5-ին բարեկամ երկրներին ուղերձ է հղել՝ կոչ անելով իրենց դիտորդական պատվիրակություններին և փորձագետներին ուղարկել Սիրիա՝ հետևելու համար նախագահական ընտրությունների ընթացքին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ուղերձ է ու ղարկվել նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Բացի Հայաստանից, Սիրիան ուղերձներ հղել է Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Բրազիլիային, Վենեսուելային, Կուբային, Նիկարագուային, Բոլիվիային, Էկվադորին:

 

Ուղերձներում նշվել է, որ հունիսի 3-ին, Սիրիայի Սահմանադրության համաձայն՝ տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ալ Լահամն ընդգծել է, որ երախտապարտ կլինեն այն երկրներին, որոնք կծանոթանան և կհետևեն ընտրական գործընթացին: Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվում են մրցակցային հիմքով:

 

Ավելի վաղ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարան էին դիմել նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 24 անձինք, այդ թվում ՝ գործող Նախագահ Բաշար ալ Ասադը: Սահմանադրական դատարանի ուսումնասիրությունից և Ազգային Ժողովում տեղի ուենցած քվեարկությունից հետո պարզ են դարձել նախագահի 3 թեկնածուների անունները՝ Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջար, Հասան Աբդ Ալլահ ան Նուրի և Բաշար Հաֆեզ ալ Ասադ: