Ես ուզում էի և պատրաստ էի մասնակցել խորհրդարանական այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Ցավոք սրտի՝ խնդիրներ առաջացան, ես բավականին երկար բացակաեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ անձնական խնդիրներ կան, էտապներ կան, որ ես պետք է բացակայեմ, Հայաստանում չլինեմ, ցավոք սրտի՝ ես հիմա մեկնելու եմ և լինելու եմ արտասահմանում»,- ասաց Աբրահամյանը:
Խոսելով ընտրությունների մասին, Աբրահամյանն ասաց, որ ինքն անձամբ է որոշել չմասնակցել, սակայն այդ մասին երկար խոսել չի ցանկանում:
Աբրահամյանն անդրադարձավ նաև իր առողջության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներին. «Իմ առողջությանը վտանգ չի սպառնում, ես երկար ժամանակ ինչ որ պրացեդուրա պետք է ստանամ լիարժեք բուժման համար, բայց այդ պրացեդուրաները չեն ազդում իմ աշխատունակության վրա: Ինձ շուրջ 6-7 ամիս ժամանակ է պետք, որից հետո ամեն ինչ շատ լավ լինի»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց իրեն բուժող բժիշկներին