Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց, որ Հայաստանն այժմ էլ ցանկանում է նոյեմբերին Վիլնյուսում մասնակցել Արևելյան գործընկերության գագաթաժողովին և այնտեղ Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն' փոփոխված տարբերակով:
«Հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց, ցավոք, մեր հայտարարությունից հետո' Մաքսային միությանն անդամակցելու մասին, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև, կանոնների տարբերություն կա: Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական ենք մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու:Հիմա այս գործընթացն է գնում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երեկ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, իր հերթին խոսելով այս հարցի շուրջ, henaran.am կայքի հետ զրույցում նշել է. «Ասոցացման համաձայնագիրն անհնար է ստորագրել' առանց դրա բաղադրիչների»: Այսինքն' առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Նա նաև հիշեցրել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքերը, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ փաթեթ է, և այն անհնար է տարանջատել:
Այդուհանդերձ, որքանո՞վ է հնարավոր Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ նման հայտարարություններով Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է փրկել այն բանակցությունները, որ իշխանությունները վարել են շուրջ 3,5 տարի: «Ավելի ճիշտ' Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե ինքն անիմաստ չի բանակցել և այդ բանակցությունների արդյունքին տեր է: Բայց իրականության մեջ Հայաստանի իշխանությունները և Սերժ Սարգսյանը ստեղծել են այն իրավիճակը, որ այդ բանակցությունները դարձել են անպտուղ: Հիմա Սերժ Սարգսյանն ամեն գնով փորձում է ստրագրել ինչ-որ մի փաստաթուղթ' թեկուզև ձևական, դեկլարատիվ»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Մեր հարցին' այսինքն' սրանով Սերժ Սարգսյանը փորձում է արդարացնե՞լ «և-և»-ի հայտարարված քաղաքականությունը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Այո՛, նա վաղուց գիտի, որ իրավիճակը «կա՛մ-կա՛մ» է, այլ բան է, որ նա այժմ չի կարող թե՛ արտաքին, թե՛ սեփական լսարանի առջև ասել, որ անպտուղ քաղաքականություն է վարել: Հիմա նա փորձում է փրկել իր հեղինակությունը: Այսինքն, ըստ էության, հայ-թուրքական հարաբերությունների և այլոց ձախողումից հետո սա երկրորդ խոշորագույն ձախողումն է արտաքին քաղաքականության ճակատում»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն անհրաժեշտ է Հայաստանում քաղաքական բարեփոխումների համար, այդ առումով «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, թե տարօրինակ է, որ սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանը և ՀՀ իշխանությունները Եվրամիությունից ավելի շատ ակնկալում էին տնտեսական օգուտներ' մուտք դեպի եվրոպական շուկա, ներդրումներ և այլն:
«Հիմա շրջանցում են այդ խնդիրը և ակնկալում են քաղաքական բարեփոխումներ, բայց ակնհայտ է, որ Եվրամիությունը չի հավատում Հայաստանի իշխանություններին: Հայաստանի իշխանություններն այնքան դժվար են քաղաքական բարեփոխումներ արել, այնքան են աղավաղել ցանկացած բարեփոխում, որ Եվրամիությունն ինքը հասկանում է' այս պարագայում քաղաքական բաղադրիչն ընդամենը պետք է Սերժ Սարգսյանին' իր դեմքը փրկելու համար: Բարեփոխումների հարցում Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, համարձակ չեն եղել և հիմա էլ համարձակ չեն լինելու: Եթե Հայաստանի իշխանությունը քաղաքական բաղադրիչով բարեփոխումներ անող լիներ, Հայաստանն այսօր Եվրախորհրդում չէր լինի մոնիտորինգի տակ գտնվող երկիր, Հայաստանի իշխանություններին ոչինչ չի խանգարում, որպեսզի իրենք իրենց կամքով կատարեն բարեփոխումներ: Իրենք հո գիտե՞ն' ինչը պետք է բարեփոխվի, իրենք հո գիտե՞ն, որ դատարանները պետք է անկախ դարձնեն: Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարում առանց Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու' քաղաքական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Իսկ ի՞նչ է այժմ Եվրոպան ուզում, այսպես ասած, ստանալ Հայաստանից: «Եվրոպան այսօր ուղղակի խնդիր ունի Հայաստանը պահել ուղեծրում' որոշակի, թեկուզև շատ մեծ հեռավորության վրա, և նաև թույլ չտալ, որ Արևելյան գործընկերության մյուս երկրները հանձնվեն: Այսօր Հայաստանին պահելն ավելի շատ միտված է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային պահելուն: ԵՄ-ն ուղղակի չի կարող խոստովանել, թե Արևելյան գործընկերությունը մահացավ, որովհետև երկրներից մեկը դուրս եկավ շարքից: Հիմա Հայաստանին պետք է պահել Արևելյան գործընկերության թեկուզ ձևական մասնակից»,- նշեց Ս. Սաֆարյանը:
«Ի՞նչ կտա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ընդունումը Հայաստանին' առանց Եվրոպայի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի» հարցին ավելի օրիգինալ պատասխան տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ձեր հարցը հռետորական է, հարցը պետք է ուղղել ստորագրողներին,- ասաց Ուրիխանյանը՝ ավելացնելով,- Համենայն դեպս, մենք միշտ էլ կողմ ենք եղել Եվրոպայի հետ ինտեգրման հնարավորինս լայն շրջանակի և մեր բոլոր կառույցներն ու ենթակառույցները եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելուն, այնպես որ, նույնիսկ, եթե որևէ տեղաշարժ լինի մեր հարաբերություններում, դա պետք է ողջունել: Այլ հարց է, որ պիտի արվեր շատ ավելին, ինչ կլինի»:
Իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես ցավում եմ, որ Եվրոպան համենայն դեպս այս պահի դրությամբ փորձում է, այսպես ասած, հետ կանգնել' հաշվի առնելով իրենց հայտարարությունները' պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Եթե որևէ գործողություն, որևէ նախաձեռնություն հնարավորություն ունի փրկելու այս իրավիճակը, ուրախ եմ ողջունելու, եթե ոչ, ապա ցավում եմ:
Կրկնեմ, որ միայն Հայաստանի ցանկությունից չի կախված, թե ինչ տեղի կունենա»: Մենք փորձեցինք ճշտել' Եվրոպա՞ն է հետ կանգնել, թե՞ Հայաստանի իշխանությունը, ինչին ԲՀԿ մամուլի խոսնակն այսպես պատասխանեց. «Չեմ ասում' Եվրոպան հետ է կանգնել, ես նկատի ունեմ, որ Եվրոպայի տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ Եվրամիությունը հավանաբար չի համաձայնի ստորագրել այն փաստաթուղթը, որը կար»: