Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացմանը: Այն կազմակերպվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշել է, որ այն կնպաստի Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոսկեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռևս վաղ անցյալում, և հայ ոսկերիչների աշխատանքները հայտնի են եղել ամբողջ աշխարհում:
«Հայաստանի կառավարությունը կարևորում և հատուկ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացմանը: ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում մշակվել և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող գործողություններ ի ծրագիրը, որի նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց:
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար այսօր նոր խթան կհանդիսանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը տեղական ընկերություններին լուրջ հնարավորություններ կընձեռի շուկաների ընդլայնման և որակյալ հումքի ձեռքբերման հարցում», - ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ նշելով, որ ոսկեգործության զարգացման համար ձևավորվել է բարենպաստ հարկային և մաքսային դաշտ, և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության միջոցով այսօր էլ քայլեր են ձեռնարկվում ոլորտի արտադրանքը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Հանրապետության վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ բոլորը շար ունակեն հիանալ հայ ոսկերչական արվեստով:
Ներդրումային համաժողովի աշխատանքներին մասնակցում է հայրենական և արտասահմանյան ոսկեգործության ոլորտի շուրջ 300 ներկայացուցիչ: