Հայաստանի և Իրանի միջև բոլոր այն ծրագրերը, որոնք վերջին 2-3 տարիների ընթացքում սառեցվել էին կամ դանդաղ էին ընթանում, առաջիկայում կվերսկսվեն: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ կապված վարչապետի՝ Իրան կատարած այցելության հետ:

 

«Ես համոզված եմ, որ Իրանում մեր ունեցած պայմանավորվածությունների և քննարկումների արդյունքում այդ բոլոր ծրագրերը տեղից կշարժվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետը համոզմունքն հայտնեց, որ իր գլխավորած պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն անցել է արդյունավետ: Նա ընդգծեց, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել է Հայաստանի պատվիրակությունը, ստացել են դրական պատասխաններ: «Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կզգանք մեր ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

 

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի կառուցման խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ կա ընկերություն, որն աշխատում է այդ ուղղությամբ, փնտրում է ներդրումներ, որպեսզի իրականացվի այդ ծրագիրը: «Մենք գիտենք, որ դա շատ կարևոր խնդիր է մեր տնտեսության համար:

 

Իրանի կառավարությունն էլ արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն մենք այս պահին այդ ծրագրիր իրականացման համար ֆինանսական բավարար միջոցներ չունենք: Հենց լինեն առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, մենք այդ հարցը կքննարկենք Իրանի իշխանությունների հետ, և կարծում եմ, որ մենք այդ հարցում խնդիրներ չենք ունենա»,- նշեց Աբրահամյանը: