Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նոյեմբերի 13-ին Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հանդիպել է դասախոսական կազմի և ուսանողության հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նա խոսել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական գործունեության պատճառով ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին և ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: