Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Գ. Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լ. Պապոյանի գլխավորությամբ: