Այսօր առավոտյան Երևանի Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ, մի շարք երթուղիներ սպասարկող մեքենաների վարորդներ դուրս են եկել գործադուլի: Պատճառը, ինչպես և սպասվում էր, գազի թանկացումն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարորդներն արդեն անցել են իրենց բնականոն աշխատանքին:
«Առավոտյան եղել է նման դժգոհություն: Դժգոհության հետ կապված քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, ով պատասխանատու է տրանսպորտի գծով, հանդիպել է սպասարկողների և վարորդների հետ, բանակցությունները վարվել են, և հիմա՝ այս պահին, քաղաքային տրանսպորտը բնականոն հունով աշխատում է:
Համաձայնությունը եղել է այն, որ գազի սակագինը մենք չենք որոշողը, դա մեր տիրույթի խնդիրը չէ, բայց և այնպես սպասարկող ընկերություններն ունեն պայմանագրային պարտավորությւոններ՝ քաղաքացիներին սպասարկելու հետ կապված: Այս դեպքում գոնե շնորհակալություն բոլոր սպասարկողներին և վարորդներին, որ այս հարցում իրենք ևս համակարծիք են, որ քաղաքացին մեղավոր չէ դրա համար, ոչ էլ Երևանի քաղաքապետարանը: Խնդիրն այլ դաշտում է և այլ հարթության մեջ: Այս պահին բոլորը բնականոն հունով անցել են աշխատանքի»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է լինի սակագնի բարձրացում, Արթուր Գևորգյանն ասաց. «Սակագնի հետ կապված՝ գործում է հանձնաժողով, որն իր աշխատանքը դեռևս չի ավարտել: Կավարտի և այդ պահին արդեն կլինի որոշակիություն: Առնվազն գոնե այսօր այդ բանի մասին խոսել վաղ է»: