Տարածված տեղեկությունները, թե Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքներ ՀՀ քաղաքացիներին անձնագրեր չեն տալիս, իրականությանը չեն համապատասխանում։
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ վարչությունում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և անձնագրեր տրամադրելու հետ կապված որևէ խնդիր չի առաջանում։ Մեր թղթակիցը եղել է Անձնագրային վարչությունում, հետաքրքրվել ու պարզել, որ քաղաքացիների մոտ ևս դժգոհություն չկա վարչության աշխատանքի կազմակերպումից։
Նշենք, որ մամուլում վերջին օրերին լուրեր են տարածվել, թե ՀՀ այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում. Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում հորդորում են սպասել` պատճառաբանելով, թե անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա: Սակայն, ավելի ուշ, ոստիկանությունը պարզաբանել էր, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: