Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխնախարար Անատոլի Ստելմախը հայտնել է, որ ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության մասին մշակվող օրինագիծը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե դիտարկենք մեր կողմից մշակվող օրենքի նախագիծը, ապա որոշ հոդվածների համար պատիժ է սահմանվում՝ տուգանքից մինչև 15 տարի ազատազրկում»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ երկրի նախարարների կաբինետը օրինագիծ է մշակում, որը քրեական պատասխանատվություն կսահմանի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Մինչ այս՝ Վերեշչուկը կոչ էր արել հանցագործություն համարել ուկրաինացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը՝ անկախ հանգամանքներից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին հակազդելու համար ուկրաինական իշխանությունները պետք է «ավելի հստակ և կոշտ դիրքորոշում ընդունեն» անձնագրեր ստանալու և Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում կազմակերպվող հանրաքվեներին մասնակցելու հարցում։