Հայաստանը չի շտապում մտնել Եվրասիական միություն, իսկ անդամակցության գործընթացն իր բնականոն հունով ընթանում է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

 

«Տնտեսական մասով բանակցությունները Մաքսային միության անդամ երկրների հետ ավարտվել են, և հիմա ընթանում են անդամակցության հետ կապված մյուս գործընթացները: Խոսքն այն մասին է, որ անդամ երկրների խորհրդարաններում Հայաստանի անդամակցության համաձայնագիրը պետք է վավերացվի: Մենք շտապելու տեղ չունենք, իսկ գործընթացն իր հունով ընթանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նախարարը:

 

Նա նշեց, որ Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցությունների արդյունքում' լայն սպառում ունեցող ապրանքներն ընդգրկված են արտոնությունների ցանկում, և դրանց գները չեն բարձրանալու: Արտոնություների ցանկում են ընդգրկված նաև այն հումքատեսակները, որոնք նախատեսված են մեր երկրում տարբեր ապրանքների արտադրությունը կազմակերպելու համար, ինչպես աև առաջին անհրաժեշտության ապրանքները:

 

Բացի այդ, Ճշմարիտյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա մոտ 3500 ապրանք ավելի էժան գներով ներմուծել: