ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչնրի հետ և ներկայացրել դրամի արժեզրկման հետևանքները և Կենտրոնական բանկի անելիքներն իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ն առանձնացրել է ԿԲ նախագահի ասուլիսի հիմնական ուղերձները:

 

1.Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Մինչդեռ ՀՀ դրամը գերարժեզրկված է:

 

2. ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:

 

3.Բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի անհրաժեշտ ծավալի իրացվելիություն տրամադրելու հնարավորություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:

 

4.ԿԲ-ն իրավիճակը պահում է վերահսկելի և տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին: Կենտրոնական բանկի գերնպատակը մնում է գների կայունությունը:

 

5. Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները:

 

6. Կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից հետո դուրս կգա արժութային շուկայից' թողնելով, որ դրամի փոխարժեքը ձևավորվի շուկայական պայմաններում:

 

7.Կենտրոնական բանկն, այնուամենայնիվ, կվերադառնա ֆոնդային բորսա և կշարունակի իր գործարքները «Նասդաք Արմենիա»-ում:

 

Հայաստանում նոյեմբերի 24-ից սկսվել է դրամի արժեզրկման փուլ: Պաշտոնական տվյալներով' մինչ օրս դոլարի նկատմամբ դրամը արժեզրկվել է շուրջ 18 տոկոսով, սակայն Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին նախորդ օրվա նկատմամբ բարձրացել է 25 դրամով: Դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 535 է, առավելագույնը' 560 դրամ: