Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը:


Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պ ետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ: 

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որպես աղբյուր միշտ էլ կարելի է օգտվել, բայց միայն ինֆորմացիան ճշտելուց հետո: «Եթե նայենք, թե ինչպիսի տեղեկատվություն են տարածել երեկ և այսօր, կտեսնենք, որ մեծ քանակությամբ  նպատակաուղղված ապատեղեկատվություն են տարածում: Այս պահին պետք է շատ զգույշ լինել: Մեր լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ Ադրբեջանը ճիշտ տեղեկատվություն չի տարածում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` ևս մեկ անգամ շեշտելու, որ պետք է տասնապատիկ զգոն լինել:

 

 

Քաղաքագետ, times.am լրատվական-վերլուծական կայքիխմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշեց, որ  նախկինում ավելի վտանգավոր բնույթ էր կրում ադրբեջանական աղբյուրներին հղում կատարելը: Հայկական լրատվամիջոցները ադրբեջանական աղբյուրներն ավելի հաճախ էին օգտագործում:

 

«Ներկայում կարող ենք ասել, որ այդ աղբյուրները օգտագործում են ոչ թե լրատվամիջոցները, այլ լրատվական կայքերը: Դրանք փոքր կայքեր են, որոնք էժան ու պոպուլիստական հեղինակություն ե ն փորձում վայելել նման նյութերի շնորհիվ, փորձում են այցելուներ բերել իրենց կայքեր»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ նմանատիպ կայքերը չի կարելի կոչել լրատվամիջոց:

 

«Պետք է տարբերակել իրական լրատվամիջոցները սովորական լրատվական կայքերից: Բոլոր դեպքերում վստահ եմ, որ խնդրի գիտակցումը հասարակական մակարդակում կա և ինչպես ժամանակին հնարավոր եղավ հաղթահարել այդ պրոբլեմը լրատվամիջոցների աշխատանքում, այդպես էլ նույն հաջողությամբ հնարավոր կլինի հաջողություն  ունենալ լրատվական կայքերի դեպքում»,-շեշտեց նա:

 

Դիտարկմանը , որ նմանատիպ կայքերն ավելի շատ դիտողականություն ունեն ու մտահոգությունը հենց դրանում է` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Միանշանակ, այդպես է, որովհետև այդ կայքերի այցելության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որտեղ մարդիկ գնում են կանչող վերնագրերի հետևից, սա ուղղակի դիտողականություն է, բայց լսարան չէ: Նման կայքերը, սովորաբար, լսարան չունեն, մարդիկ, ովքեր պարբերաբար մտնում ու տեսնում են, թե ինչ նյութ կա: Մինչդեռ իրական լրատվամիջոցները, բոլոր դեպքում, թելադրող դիրքերում են տեղեկատվական դաշտում` անկախ այցելուների քանակից»-ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրն ԱրամԱնանյանն էլ շեշտում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների վերջին օրերի գործունեության տրամաբանությունը հուշում է, որ նրանք չեն խորշում անգամ բացահայտ կեղծիք եւ սուտ տարածելուց:

«Նման գործողություններն ունեն հստակ նպատակ` ապակողմնորոշելու եւ ապատեղեկացնելու հանրությանը եւ այդ առումով կարեւոր է, որ մեր գործընկերները հետեւեն լրատվական «հիգիենայի» պարզագույն կանոններին: Հարկ է նշել, որ նման իրավիճակներում չստուգված լրատվության հրատարակումը նաեւ հակասում է մասնագիտական էթիկայի պարզագույն կանոններին, որովհետեւ տեղի ունեցող իրադարձություններն արժանի են առավել համակողմանի եւ ճշմարտացի լուսաբանման»,- ասաց Արամ Անանյանը:

 

Անանյանը հատկանշական համարեց հայ քաղաքագետին վերագրվող ֆեյք օգտատիրոջ էջի ստեղծումն ու դրա միջոցով ապատեղեկատվության տարածումը: Դա ուներ մի նպատակ` գլխիվայր շուռ տալ իրականությունը, որը, սակայն, չհաջողվեց:

 

Անդրադառնալով հայկական ԶԼՄ-ների գործունեությանը` Անանյանը կարեւորեց փաստը, որ ցանկացած իրավիճակում տեղեկատվության ձեռքբերման կարեւորագույն սկզբունքը պետք է լինի հավաստիությունը: «Այս առումով էլ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը չի նշանակում, որ պետք է զոհ գնալ հիմնական սկզբունքին` հավաստիությունը: Սա այն հարցը չէ, որով պե տք է ինչ-ինչ խնդիրներ լուծենք»,- ասաց Անանյանը:  

 



Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ նշում է, որ որոշակի փոփոխություններ է նկատել ադրբեջանական լրատվամիջոցներում:

 

Նրա խոսքերով, ի տարբերություն նախորդ անգամների, հետախուզադիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին հրապարակում իրենց կորուստների մասին: «Ինչ վերաբերում է հայ քաղաքագետի կեղծ էջի շուրջ բարձրացված աղմուկին, ապա հարցը շատ շուտ լուծվեց եւ եւս մեկ անգամ փաստեց, որ ադրբեջանցիները փորձում են փրփրուրներից կախվել:

 

Ինչ վերաբերում է հայ լրատվականանների աշխատանքին, ապա որակը շատ է բարձրացել եւ թե լուսաբանման եւ նյութերի հավաստիության առումով շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան ադրբեջանականը»,- ասաց Կարեն Վրթանեսյանը: