Տուժող կողմն ուռճացնում է Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նախատեսված ծախսերը: «Մենք պատրաստ ենք հոգալ Տաթևիկի բուժմանն անհրաժեշտ բոլոր ծախսերը, սակայն դրանք չեն կազմում տուժող կողմի ներկայացրած 7-8 միլիոն դրամը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ իրենք հարցում են կատարել ապահովագրական ընկերություն և պարզել, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նրանք դեռ պետք է վճարեն 1 միլիոն 800 հազար դրամը: Նա նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանը հունվարի 16-ի դատական նիստին հայտարարել է, որ տուժող կողմին վճարել է 20 հազար դոլար:
Պաշտպանական կողմը պարզել է, որ տուժող կողմի ներկայացրած 2 տարվա տևողությամբ բուժում գոյություն չունի և իրենք առաջարկել են մեկ շաբաթով հետաձգել նիստը, որպեսզի բժշկական հանձնաժողովը հետազոտի Տաթևիկին: «Այժմ ընդմիջում է հայտարարված, իսկ մինչ այդ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել Տաթևիկի համար նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, մինչդեռ նրանք հետազոտության համար Տաթևիկին կարող են տանել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ինչը չեն ուզում անել»,- հավելեց նա:
Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն' ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն' 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։