Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը դուրս է եկել զուտ ավտովթարի գործի շրջանակներից:

 

«Չեմ հավատում, որ մի ավտովթարի գործով դատական նիստը դռնփակ են անում' ելնելով դրա պետական կամ ծառայողական գաղտնիք լինելու հասկացությունից: Պետական կամ ծառայողական գաղտնիք հասկացությունը և դրանց հետ կապված գործերի շրջանակը օրենքով նախատեսված է, այդ հանցագործությունների տեսակները հստակ սահմանված են, և ավտովթարը հաստատ չի ընկնում դրա տակ»,- ասաց փաստաբանը:

 

Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ վաղը նախանշված դատական նիստի ընթացքում դարձյալ պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Յու. Բաղդասարյանին:

 

«Որովհետև եթե նա որոշում է կայացնում նիստը դռնփակ անցկացնելու, իսկ ես գտնում եմ, որ այդ դատը չպիտի դռնփակ լինի, ստիպված պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեմ դատավորին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Հիշեցնենք' Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նախորդ նիստում, դատավոր Յու. Բաղդասարյանն արդեն մերժել էր Վարդան Պետրոսյանի փաստաբանի նույնաբովանդակ միջնորդությունը' միաժամանակ բավարարելով դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին հակառակ կողմի միջնորդությունը:

 

«Պետք է հետևողական լինենք այս հարցում, քանի որ վտանգ կա, որ հետագայում ևս այս գործով նիստերը կարող են դռնփակ անցկացվել,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը' հավելելով,-Դեռ այս նիստը ոչինչ, սա միայն ձերբակալման որոշման հարցն է, բայց չի բացառվում, որ հետագայում' արդեն բուն գործի դատաքննության ժամանակ, հակառակ կողմին ստիպեն միջնորդություն անել' դատը դռնփակ իրականացնելու մասին, և դրա հիման վրա որոշեն դատը դռնփակ անել»:

 

«Բուն վտանգը այստեղ եմ տեսնում, եթե հիմա այս միջնորդությունը չանեմ, հետո արդեն ռեսուրս չեմ ունենա հետագա քայլերի համար»,- հավելեց փաստաբանը:

 

Հիշեցնենք' Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական հերթական նիստը կկայանա վաղը' հունվարի 15-ին:

 

Դատաքննությունը կընթանա դռնփակ կարգով:

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան