Վերաքննիչ քրեական դատարանը դերասան Վարդան Պետրոսյանի գործով ներկայացրած բողոքի քննության օր է նշանակել ապրիլի 1-ը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015թվականի հունվարի 29-ի դատավճիռը (ազատազրկում 5 տարի ժամկետով և 2 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից) և Վարդան Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նշանակել հոդվածով նախատեսված ավելի խիստ պատիժ:
Իր հերթին տուժող կողմը պահանջում է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015 թվականի հունվարի 29-ի դատավճիռը ' ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով և նշանակել պատիժ' ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով և 3 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Բացի այդ'տուժող կողմը պահանջում է նաև հայցի մասով բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը' ամբողջությամբ բավարարելով տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Քրեական վերաքննիչ դատարանի նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը:
2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին' նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման' 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման: