ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Ես միանշանակ դրական եմ գնահատում Վերաքննիչ դատարանի որոշումը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եթե տուժող կողմը նոր բողոք չներկայացնի, ապա Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժ ստանալուց հետո Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, քանի որ ինքն արդեն կրել է դատարանի որոշմամբ նախատեսված պատժի մեկ երրորդը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո իրենք բողոք են ներկայացնելու ՀՀ վերաքննիչ դատարան:

 

 

Տուժող կողմի՝ ընդդեմ Վարդան Պետրոսյանի ներկայացրած վնասների հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցերը կրկին թողնվել են առանց քննման:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայացված քաղաքացիական հայցով՝ դատարանը վճռել է որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 1 միլիոն 200 հազար դրամ:

 

 

Բացի այդ՝ Վարդան Պետրոսյանը հօգուտ պետական բյուջեի պետք է փոխանցի նաև դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18 հազար 825 դրամը և ապրանքագիտական փորձաքննության 33 հազար 600 դրամ դատական ծախսերը: