ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է 1 տոննա հերոինի տարանցման գործով ձերբակալված Թուրքիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված, Օսման Ուգուրլուի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ուգուրլուի հանրային պաշտպան Արտակ Գարոյանը: «Հունվարի 21-ին մենք բողոքը ներկայացրել էինք դատարան, և վերաքննիչ դատարանը գործի քննության արդյունքում մերժեց փոխել խափանման միջոցը»,- նշեց Գարոյանը՝ հավելելով, որ մերժման պատճառաբանությունն ակնկալում են փոստով ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում:
Փաստաբանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար 10 օր է տրված և իրենք մտածում են հետագա քայլերի մասին:
Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ' Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով զննության է ենթարկվել:
Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ձե ռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում' 2014 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Օսման Ուգուրլուն, ով առանձնապես խոշոր չափերով հերոնը Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա տեղափոխման կ ազմակերպիչներից է:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով' հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: