ԼՂՀ վերաքննիչ դատարանում այսօր' մարտի 10-ին, հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։ Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատավճռի հրապարակման շրջանակներում նախ ներկայացվել են Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին գործին առնչվող կենսագրական տեղեկություններ, այնուհետև ընթերցվել են այն հոդվածները, որոնց համաձայն մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներին։
ԼՂՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Նորայր Գրիգորյանի, մասնակցությամբ դատավորներ Հրայր Աբրահամյանի և Կարեն Սաղյանի' վերանայելով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որոշում է ընդունել ամբաստանյալ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի և Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ ներկայացված բողոքները մերժել։ Վերաքննիչ դատարանը վճռել է նաև օրինական ուժի մեջ թողնել Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը։ Այնուհետև մեղադրյալները տեղեկացվել են, որ վերաքննիչ դատավճռի հրապարակման պահից սկսած, մեկ ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել Արցախի Հանրապետության գերագույն դատարանում։
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին' 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: