ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ բողոքն վարույթ ընդունելու վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում մեղադրող դատախազները միջնորդել են անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը միջնորդել է գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մայիսի 6-ին հրապարակել է որոշումը՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: