«Իգլա»-ի գործով կալանավորված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրենք բողոք են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած՝ կալանավորման որոշման դեմ: «Այս պահին այլ մանրամասներ չկան: Բողոքի քննության օրն էլ դեռ հայտնի չէ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ: Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Ի դեպ՝ Սամվել Բաբայանն, ըստ Դատախազության հայտարարության, ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը:
Ավելի վաղ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Սամվել Բաբայանը: