Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: Այդ վճռով Վարչական դատարանը բավարարել էր Կոտայքի մարզպետի 2019 թ. ապրիլի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին տեղեկացանք ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
2019 թ. ապրիլի 4-ի որոշման համաձայն' Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացներում հայտնաբերված խախտումներով Ռոմանոս Պետրոսյանը տուգանել էր Աբովյանի քաղաքապետին:
Ըստ մարզպետի'Վարչական դատարանի որոշումը չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:
Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ: