Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական­դիվերսիոն խմբի անդամներ' Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեցին ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը: «Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»,-ասաց ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Բեգլարյանը:

 

Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստեց, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի ԼՂՀ Վերաքննիչ դատարան: Իսրայելյանի խոսքով, բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի ԼՂՀ Վերաքննիչ դատարանի կողմից, և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

 

Օրեր առաջ ամբաստանյալների փաստաբանները մամուլին հայտնել էին, որ իրենց պաշտպանյալները չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատավճիռը: