Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, մասնավորապես, նշելով հետևյալը. «Խանդոյանը կալանավորվել է «Շտապ օգնության» տուժող ճանաչված երեք բժիշկների ցուցմունքի հիման վրա, ինչը բավարար հիմք չէ։ Մենք դիմել ենք վերաքննիչ դատարան և վիճարկում ենք հիմնավոր կասկածը։ Կալանավորման հիմքերը բացակայում են, մենք պահանջելու ենք գրավ կիրառել, որը ևս նախկինում մերժվել էր: Վերաքննիչ դատարանն այսօր պետք է որոշում կայացնի այդ հարցում ևս»։
Ղարագյոզյանը նաև հավելեց, որ բժիշկների ներսում գտնվելու ժամանակ Խանդոյանը եղել է բուժօգնություն ստացողի կարգավիճակում և նրա դեմ ուղղված մեղադրանքը պարզապես հակատրամաբանական է։
Հիշեցնենք, որ Ա․ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը: