Վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23) նախագահող դատավոր՝ Գ.Մելիք-Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկելու Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2013թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Ստորև ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցոթւյան տարածած հաղորդագրությունը.
«Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի' «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:
ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը' 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել «Ծածկած շուկայի» վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:
2.Շինարարության թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:
3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:
4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:
Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› և ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:
Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը:
Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 1), որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաև քանդման թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 2), գործում առկա է միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:
Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Ինչպես նաև, Երևանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել ‹‹Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին›› ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետևաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման և վերականգնման բնագավառում վերջինիս փորձի և համապատասխան լիցենզիայի բացակայությունը:
Սույն գործով վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23) նախագահող դատավոր՝ Գ.Մելիք-Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկելու Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2013թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը»: