Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը: Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը», -ասաց Օրբելյանը:
Նրա խոսքով' նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել, հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:
Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: