ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մարտի 21-ին կքննի Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքն ընդդեմ քննիչի որոշման, որով կասեցվել էր Սյունիքի մարզում մահված ելքով կրակոցների գործով նախկինում ներկայացված բողոքների քննությունը: «Մարտի 21-ին, ժամը 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի իմ կողմից, որպես Բուդաղյանների փաստաբան, ներկայացված վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել էի Առաջին ատյանի դատարանի այն որոշմ ան դեմ, որով կասեցվել էր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումների դեմ բերված բողոքների քննությունը»,- ասաց Ալումյանը՝ հիշեցնելով, որ քննիչի որոշումները բողոքարկվել էին դատախազին, այնուհետ` դատարանում:

 

«Դատարանը, երկար պրոցեսից հետո, ի վերջո համոզվեց, որ առանց քրեական գործի նյութերը քննիչից պահանջելու բողոքների քննությունն անհնարին է, սակայն փոխանակ քննիչից նյութերը պահանջի, որոշեց, որ գործում է անհաղթահարելի ուժ, ի դեմս քննիչի, ով չի ցանկանում նյութերը ներկայացնել դատարան»,-նշեց Ալումյանը՝ հավելելով, որ օրենքում չկա դրույթ, որով քննիչի կամայական մերժումը ճանաչվի անհաղթահարելի ուժ:

 

Փաստաբանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը վերջերս հարցազրույց է տվել և նկարագրել է դեպքն իր տեսանկյունից և դրանում փաստերի լուրջ խեղաթյուրումներ կան:

 

Մասնավորապես,Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ իր ավտոմեքենայի մեջ բռնութուն չի եղել, այլ ուղղակի Ավետիք Բուդաղյանին իջեցրել են մեքենայից, որովհետև նա պատշաճ չի պահել իրեն: «Իրականում ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, նրան վիրավորել են և հարվածներ են հասցրել, և այդ ամենի հիմքում, ըստ Բուդաղյանների հայտարարության, եղել է տնտեսական ինչ-որ խնդիր»,- հայտնեց փաստաբանը' հիշեցնելով, որ նախաքննական ցուցմունքներում, սակայն, Սուրիկ Խաչատրյանն ընդունել էր, որ ավտոմեքենայի մեջ հարվածել են Ավետիք Բուդաղյանին :

 

Ալումյանն անդրադարձավ Ավետիք Բուդաղյանի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման մասին Խաչատրյանի հարցազրույցում նշածին՝ հիշեցնելով, որ իրադարձություններին նախորդել է ճաշկերույթ, և չի բացառվում, որ նա ոգելից էլ օգտագործած լիներ: «Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե Սուրիկ Խաչատրյանը չփորձեր դրա մեջ սենսիացիա փնտրել և հարցը ներկայացնել այնպես, թե Ավետիք Բուդաղյանն այնքան է հարբած եղել, որ չի պատկերացրել իր գործողությունների իմաստը»,- նշեց Ալումյանը:

 

Փաստաբանը նշեց նաև Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցում հնչած այլ մտքերի և իրականությանը դրանց չհամապատասխանելու մասին:

 

Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպը լրատվամիջոցներում կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, քանի որ բախումը տեղի է ունեցել նրա տան մոտ: Հունիսի 1-ի երեկոյան Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր մի քանի ամիս անց ազատ են արձակվել: