Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 14-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ ինչը, սակայն, առաջին ատյանի դատարանը՝ հոկտեմբերի 19֊ի որոշմամբ, մերժել է:
Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքը մակագրվել էր դատավոր Նորա Կարապետյանին:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:
Նշենք, որ հայցադիմումի պատճառը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ արված հայտարարություններ են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Սոնա Հարությունյան