Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ մերժվել է Սերոբ Գասպարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավաչափ չեն համարում որոշումը և այն ստանալուն պես՝ կբողոքարկեն Վճռաբեկ դատարան։

«Ամբողջ խնդիրը հետևյալն է' ըստ էության, նյութերում ներկայացված ընդամենը երկու վկայի ցուցմունքի հիման վրա է Գասպարյանը կալանքի տակ։ Մենք ասում ենք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի միակ նվազման գործիքը օրենքով առերեսումն է։ Ու քանի որ օրենքն ասում է, որ առերեսում կատարվում է այն ժամանակ, երբ կա մեղադրյալների ցուցմունքների միջև հակասություն, կամ վկաները տալիս են մեղադրական բնույթի ցուցմունք մեղադրյալի դեմ, մենք ասում ենք' պատրաստ ենք առերեսվել՝ առերեսեք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում ունենանք։ Դա է պահանջում արդարադատության շահը։ Բայց քննչականը հրաժարվում է անհասկանալի պատճառներով, որպեսզի անընդհատ, երկար, Սերոբ Գասպարյանին փորձեն պահել կալանքի տակ»,-ասել է Ալեքսանյանը։

Հարցին, թե պատճառը ո՞րն է, փաստաբանն ասել է՝ չի ասել՝ այլ ենթատեքստ կա, թե ոչ․ հարցը դիտարկում է միայն իրավական հարթությունում և իրավական հարթությունում պայքարը կշարունակեն ու կփորձեն նվաճել Գասպարյանի ազատությունը։

Առերեսում մերժելը իրավաչափ չէ այնքանով, որ վկաները Գասպարյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք են տալիս և ինքն էլ պահանջում է այդ պայմաններում առերեսման իմպերատիվ կատարում։ «Այդ քննիչը հրաժարվում է, հրաժարման որոշումը մենք բողոքարկել ենք դատախազին, դատախազն էլ է մեր բողոքը մերժել, այսինքն, քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են առերեսում կատարելուց՝ ինչ-ինչ պատճառներով։ Համենայն դեպս, մեզ համար պատճառն անհայտ է, ինչ պատճառ էլ որ լինի, իրավաչափ չի կարող լինել, որովհետև օրենքը պարտադրում է, որ առերեսումը պիտի լինի»,-ասել է Գասպարյանի պաշտպանը։

Արդյոք դատախազի ու քննիչի միջև համաձայնություն կա՞․ Ալեքսանյանն ասել է, որ բնականաբար այդպես է՝ կանխավարկածը դա է հուշում։

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր սեպտեմբերի 28-ին՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստական աշխատանքներ տանելու մեղադրանքով։ Իբրև թե մարդկանց մի խումբ Ռուսաստանում մասնակցել է վարժանքների, որպեսզի հետո վերադառնա Հայաստան և իշխանափոխություն իրականացնի: Այս գործով ևս երկու անձ է կալանավորված, իսկ չորսը հետախուզման մեջ են։

Սերոբ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։ Ազատամարտիկին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ Գասպարյանն անկոտրում է, որովհետև մեղավոր չէ: Անցյալում և հիմա նրա նշանաբանն է․ «Նվիրյալները չեն դավանափոխվում»։