Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել ու բավականին ճիշտ է կողմնորոշվել, նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: