Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում: Այս մասին հաղորդում է Shamshyan․com-ը։

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտ հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով:

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ՊԾ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի կարգադրությամբ՝ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, իսկ հրշեջները, դիմելով ռիսկի, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ, իսկ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից:

Օպերատիվերեն ժամանել են նաև Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների օպերատիվ խումբը, ովքեր 1 հոգու, որը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող է, բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետն ու Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: