Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի պաշտպանը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել ու լրացուցիչ ցավ չպատճառել տուժող կողմին' հրապարակելով տեսանյութ, թե Վարդան Պետրոսյանը մի քանի րոպեով գտնվել է ազատության մեջ: Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանի խոսքով' տեսանյութից էլ երևում է, որ նրան մեկուսարանից տեղափոխում են հարևան քրեակատարողական հիմնարկ, ուր պատիժ են կրում անզգուշությամբ հանցագործություն կատարած անձինք: «Վարդան Պետրոյսանն առ սեպտեմբերի 2-ը գտնվել է քննչական մեկուսարանում ամբաստանյալի կարգավիճակով, երբ Վճռաբեկ դատարանը մերժել է մեր բողոքը վարույթ ընդունելու մասով: Երբ նրա կարգավիճակը փոխվել է, նա դարձել է դատապարտյալ, նրա նկատմամբ սկսել են գործել այլ օրենքներ, այլ կանոններ: Տեսանյութում պարզ երևում է, որ Վարդան Պետրոսյանը մեկուսարանից դուրս է գալիս երկու աշխատակիցների ուղեկցությամբ, տեղափոխվում է հարևան քրեակատարողական հիմնարկ, ուր պատիժ են կրում անզգույշ հանցագործություն կատարած մարդիկ: Այդ պահին Վարդան Պետրոսյանն ազատության մեջ չի գտնվել: Պետք չէ լրացուցիչ ցավ պատճառել տուժող կողմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով' բաց ռեժիմով պատիժ կրելու որոշումը կայացվում է քրեակատարողական հիմնարկի կողմից և կարգավորվում է օրենքով: Հետևաբար, տուժող կողմը, ինչպես նաև մյուս կողմը իրավասություն չունի բողոքարկելու նման որոշումը, քանի որ այն կարգավորվում է օրենքով: «Գոյություն ունի որոշում, որը վերաբերում է կալանավորվածներին պահելու վայրերին ու ուղղիչ հիմնարկի ներքին կարգին, այնտեղ ասվում է, որ դատապարտյալն իրավունք ունի աշխատելու կալանավայրում ու դրանից դուրս: Երբ աշխատանքային պայմանագիր է ներկայացվում ՔԿՀ-ից դուրս աշխատելու մասին, դա պետք է համ ապատասխան քննարկման ենթարկվի, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը պետք է տա իր համաձայնությունը: Տուժող կողմը այս մասով բողոք ներկայացնելու իրավասություն չունի, սա կարգավորվում է օրենքով, սա մեր ու մյուս կողմի ցանկությամբ չէ»,- հայտնեց փաստաբանը:
Ռուբեն Բալոյանը խոսեց կողմերի միջև հաշտության չգալու մասին' նշելով, որ ավելորդ մեկնաբանություններ են մինչ այժմ եղել, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են տուժող կողմի վրա: «Ես միշտ կողմնակից եմ եղել հաշտության' չնայած միշտ փորձել են հակառակը ներկայացնել, թե ես եմ խոչընդոտել հաշտությանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը' հավելելով, որ ինքը չի առաջարկել, որ Վարդան Պետրոսյանը որպես հաշտության պայման դատարանում ասի, թե հարբած է եղել: «Նիկոլայ Բաղդասարյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ Ռուբեն Բալոյանն է մեղավոր հաշտություն չկայանալու մեջ և նշեց, որ ես ասել եմ, թե Վարդան Պետրոսյանը մեղքն ընդունելուց զատ, պետք է դատարանում ասի, որ ինքը գտնվել է հարբած վիճակում: Ես այդ առաջարկը համարում եմ անբարոյական, ոչ մի փաստաբան նման պայման չէր դնի»,- նշեց Ռուբեն Բալոյանը:
Նա նաև հայտնեց, որ հայց է ներկայացնել Էրեբունու դատարան Վարդան Պետրոսյանի դեմ, նաև միջնորդել են, որ Վարդան Պետրոսյանի գույքը դրվի առգրավման տակ: «Մենք պահանջել ենք փորձաքննություն, որը պարտավոր էր նշանակել Առաջին Ատյանի դատարանը: Մենք Վարդան Պետրոսյանի դեմ երկու պահանջ ենք ներկայացրել, որ նա պարտավոր է հատուցել տուժողներին պատճառած վնասները, դրա մեջ են մտնում փաստաբաններին վճարված գումարներն ամբողջությամբ ու մյուս անձանց պատճառված վնասները' չորս տուժողի և երկու իրավահաջորդի: Դրանք կազմում են մոտ 3 միլիոն դրամ, գուցե մի քիչ ավելի, բուժման ծախսերը չեն գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ վեց անձին տրամադրված փաստաբանական ծառայության վճարը 2 միլիոնից մի փոքր ավելի է»,-նշեց փաստաբանը' հույս հայտնելով, որ ապագայում կկայացվի հաշտությունը, քանի որ Վարդան Պետրոսյանի պահվածքից հասկացել է, որ նա մեղքն ընդունել է: