Տուժող կողմը պատրաստվում է բողոքարկել Վարդան Պետրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: «Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բ աղդասարյանը ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը պարտավորվում է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը ամբողջությամբ: Դատարանում, լրատվամիջոցների ներկայությամբ մեզ տրամադրվեց պայմանագրի օրինակ: Այն պետք է կնքվեր Վարդան Պետրոսյանի և բուժական հաստատության ղեկավարի կողմից, որտեղ որ պետք է իրականացվեր Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժումը»,-ասաց Բալոյանը:
Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման համար տուժող կողմը պահանջել էր 7 միլիոն 830 հազար ՀՀ դրամ, սակայն, քննարկելով Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ խնդիրը կարգավորել պայմանագրի միջոցով, այն ընդունել են: «Մտածելով, որ եթե Վարդան Պետրոսյանը ցանկանում է իրականացնել Տաթևիկ Հակոբյանի բուժումը, դա օպտիմալ տարբերակն է և տուժող կողմին առձեռն գումար պետք չէ: Ընդունելով Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ մենք ընդամենը գրավոր կերպով պահանջեցինք, որպեսզի բուժման վերաբերյալ պայմանագիրը լինի եռակողմ՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և բուժհաստատության միջև՝ գլխավորապես նրա համար, որպեսզի Տաթևիկ Հակոբյանը ևս հանդիսանալով պայմանագրի կողմ, ձեռք բերի համապատասխան իրավունքներ: Վարդան Պետրոսյանին գրավոր առաջադրել ենք նաև, որ նա պետք է հօգա Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը մինչև նրա լրիվ ապաքինումը: Դրա հետ մեկտեղ առաջարկեցինք, որպեսզի վերականգնողական բուժումն իրականացվի GOLDS GYM-ում՝ հաշվի առնելով,որ Տաթևիկ Հակոբյանը ներկայումս սովորում և աշխատում է ու վերականգնողական բուժումը պետք է իրականացվի ժամը 18.00-ից հետո»,-շեշտեց Բալոյանը:
Նա հավելեց, որ իրենք համոզված էին, որ իրենց առաջարկը Վարդան Պետրոսյանի համար ընդունելի կլինի և սպասում էին դրական պատասխանի: «Ցավոք սրտի Վարդան Պետրոսյանի պաշտպանը մեր առաջարկը բացասաբար ընդունեց և նրա կողմից մամուլով հնչեցին միայն քննադատություններ: Եթե Տաթևիկ Հակոբյանի բուժման առաջարկն իրական էր, ուրեմն այն պետք է անվերապահորեն Վարդան Պետրոսյանի կողմից ընդունվեր: Փաստորեն՝ ստացվում է, որ Վարդան Պետրոսյանի այս առաջարկը ևս ֆարս էր: Կարծիք է ձևավորվում, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ծախսերը հոգալու առաջարկու թյուն անելով, մտածել է, որ այն տուժող կողմից չի ընդունվի և հերթական անգամ կվարկաբեկի տուժող կողմին: Ցավոք, այս մտահղացումը տապալվեց, քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը փորձում էր հանրությանն ապացուցել, որ տուժող կողմին ընդամենը կանխիկ գումար է պետք: Երբ գործը հասավ իրական բանակցություններին Վարդան Պետրոսյանն, ի դեմ իր պաշտպանի, խույս տվեց առանց որևէ նախապայմանի Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալուց»,-նկատեց նա՝ հավելելով, տուժող կողմը կանխիկ գումար չի պահանջում: «Հոգացեք Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը առանց նախա պայմանների, որը Վարդան Պետրոսյանի պարտավորությունն է»,-ընդգծեց Ռուբեն Բալոյանը:
2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: ՀՀ վերաքննիչ դատարանը 2015թվականի մայիսի 5-ին անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհ անուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ավտովթարին զոհ էին գնացել հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Տաթևիկ Հակոբյանն ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: