Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը: Մինչ վիճաբանության փուլին անցնելը՝ տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատաքննությունը վերսկսելու պահանջով, և դատարանի կողմից այն բավարարելուց հետո, ներկայացրեց տուժած կողմին պատճառած վնասները ու ավտովթարից տուժած անձանց հետագա բուժման և փաստաբանի ծառայության ծախսերը մեղադրյալ կողմից, ընդհանուր առմամբ, 12 միլիոն 611 հազար 13 ՀՀ դրամ հատուցելու հայցադիմում։

 

Դրանից հետո մեղադրյալ կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց 15 րոպե ընդմիջում՝ ներկայացված հայցադիմումին ծանոթանալու համար, և դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարելով վերջինիս պահանջը՝ հայտարարեց ընդմիջում մինչև ժամը 16:25-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը։

 

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: