Դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մարտի 12-ին, սակայն այն հետաձգվելու է, քանի որ Վարդան Պետրոսյանի ընտանիքը հայտարարել է, որ Ֆրանսիայից ևս երկու փաստաբան է ներգրավվելու այդ գործում՝ Հարի Տոսեյին և Ժիրայր Ցոլակյանը:

 

«Նրանք Հայաստան են ժամանելու մարտի 25-ին, հետևաբար դատական նիստը պետք է մարտի 25-ից հետո նշանակվի»,-Tert.am-ին ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այդ ժամանակահատվածում նրանք պետք է ծանոթանան գործի նյութերին:

 

«Գրավոր դիմում եմ պատրաստել, որ պետք է ներկայացնեմ դատարանին՝ դատը հետաձգելու պահանջով»,-նշեց փաստաբանը:

 

Նիկոլայ Բաղդասարյանի հավաստմամբ՝ ամենակարևորն այն է, որ իրենք չեն ցանկանում, որ լարում ստեղծվի տուժող կողմի և Վարդան Պետրոսյանի ընտանիքի միջև, քանի որ եթե դատավարությունն սկսվի, իրենք ստիպված կլինեն որոշ ապացույցներ, փաստեր ներկայացնել դատարան, իսկ դա կարող է վատ ազդել բանակցային փուլի վրա:

 

«Իսկ այս պահին կողմերի միջև բանակցային փուլ է»,-ասաց փաստաբանը: