Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու համար քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել, նրա ապօրինի գործողությունները ցույց տվող նոր փաստաթղթեր են ի հայտ եկել:

 

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Քննիչի վերաբերյալ ոստիկանություն եւ դատախազություն հասցեագրված նրանց բողոքների պատասխանը ստացվել է, որից պարզ է դառնում, որ քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել նրան ձերբակալելու համար: «Քննիչը գնացել է Վարդան Պետրոսյանի գրանցում ունեցող բնակարան եւ տեսել է, որ ինքը այնտեղ չի, գնացելէ գյուղում գտնվող նրա առանձնատուն, տեսել է, որ այնտեղ չի, պարզելով, որ չի կարողանում նրան հայտնաբերել, որոշում է կայացրել նրան ձերբակալել: Այս ամենը շինծու փաստարակներ են, որովհետեւ Վարդանը եւ կինը պնդում են, որ քննիչը չի գնացել ոչ իրենց բնակարան, ոչ առանձնատուն, ավելին՝ առաջին իսկ օրվանից Վարդանի քրոջը հարցաքննելով՝ պարզել է, որ դերասանը վերջին 10 տարում ապրում է քրոջ բնակարանում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա նշեց, որ քննիչի գործողություններում առկա է հանցակազմ եւ հույս ունի, որ Հատուկ քննչական ծառայությունը այս ամենը չի անտեսի, «հարց է ծագում՝ ինչով է բացատրվում կամ ովքեր են դրդված եղել, որ ստեղծեն արհեստական ապացույցներ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու համար»: Առավել մանրամասն՝ աղբյուր կայքում: