ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

 

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում դեռևս 2015 թվականի մարտի 27-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։