Պռոշյան գյուղի բնակիչ, գործարար Վաչիկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ մասի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության օժանդակության համար: Խոսքը «Սիգարոն» ՍՊԸ-ի տնօրեն Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի շուրջ 12 տարի առաջ կատարված սպանության մասին է: Վ.Ղարիբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը' երկու ամսով, իսկ օրերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարացրել է կալանավորման ժամկետը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը: Դատարանը մերժել է գործով որպես մեղադրյալի պաշտպաններ ներգրավված փաստաբաններ Ամալյա Ավագյանի ու Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը' կալանավորումը վերացնելու կամ կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վ.Ղարիբյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա քննությամբ չպարզված անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելու դիտավորությամբ, ազգականներին այցելության կեղծ պատրվակով՝ իր ծանոթ Գառնիկ Դավթյանից վերցրել է վերջինիս սեփականությունը հանդիսացող մեքենան, որից հետո իր հանցակիցների կողմից հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վարելով ավտոմեքենան՝ հետապնդել է տուժողների՝ ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենան, իսկ հանցակիցները ինքնաձիգից արձակված կրակահերթով սպանել են վերջիններիս: Ըստ քննչական մարմնի՝ Վ.Ղարիբյանը պարտակել է հանցագործությունը, կատարած անձանց ու թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

 

Վ.Ղարիբյանը տարիներ առաջ 2002թ. գործով բացատրություն է տվել այն մասին, որ ընկերոջից վերցրած ավտոմեքենան ապրիլի կեսերին, այսինքն՝ սպանությունից ավելի քան մեկ ամիս առաջ, շուռ էր տվել և հանձնել վերանորոգման: Մեղադրյալը մինչև 2005թ. վերջերը գտնվել է Հայաստանում, ապա մեկնել է Ռուսաստան ու 2013թ. նոյեմբերի 20-ին վերադարձել Հայաստան: Իրավապահների մոտ կասկած է հարուցել նրա անձնագրում վավերականության ժամկետի երկարացման կնիքը, որի մասին անձնագրային բաժնի գրանցամատյանում գրառում չի եղել:

 

Մեղադրյալի պաշտպան Ամալյա Ավագյանի կարծիքով՝ եթե անգամ պարզվի, որ կնիքը կեղծած է, ինչը մեղադրյալը հերքում է, ապա այն կեղծվել է՝ Հայաստան վերադառնալու և ոչ թե՝ Հայաստանից հեռանալու համար: Անձնագրում կնիքի ու գրառումների իսկությունը պարզելու համար նշանակվել են դատաձեռագրաբանական-փաստաթղթային և դատահամակարգչային փորձաքննություններ, ինչպես նաև՝ խուզարկությամբ մեղադրյալի տնից հայտնաբերված, նրա որդու անվամբ գրանցված որսորդական հրացանի դատաձգաբանական փորձաքննություն, թեև հայտնի է, որ սպանությունը կատարվել է ինքնաձիգից արձակված կրակահերթի հետևանքով:

 

Պաշտպանները գտնում են, որ մեղադրանքն անհիմն է, որևէ ապացույց, որ կվկայեր իրենց պաշտպանյանի՝ հանցագործությանը առնչության մասին, չկա: «Սիգարոն» ՍՊԸ-ի պահակը նշել է, որ Վ.Ղարիբյանի վարած մեքենայի համարը նման է իր տեսած մեքենայի համարներին: Չկա նաև հիմնավոր կասկած, որ իրենց պաշտպանյալը կարող է խուսափել, թաքնվել քննությունից կամ գտնվելով ազատության մեջ՝ խոչընդոտել քննությանը, մեղադրյալը երբևէ հետախուզման մեջ չի գտնվել: Ի դեպ, դատարանի հարցին, թե ի՞նչ ապացույցներ կան սպանության օժանդակության մեղադրանքով, քննիչը անկեղծորեն պատասխանել է, որ այս պահին ապացույցներ չկան, սակայն օպերատիվ աշխատանք է տարվում դրանք հայտնաբերելու ուղղությամբ:

 

Պաշտպանական կողմը գտնում է, որ քննիչը պատշաճ ջանասիրություն չի դրսևորել՝ կալանքի առաջին երկու ամսվա ընթացքում որևէ քննչական գործողություն իրենց պաշտպանյալի մասնակցությամբ տեղի չի ունեցել: Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի միջնորդությունը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու՝ մասին: Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Էդիկ Ավետիսյանը տուժող Արտավազդ Խանդանյանի երեխաների կնքահայրն է, իսկ նրա գործընկեր, նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը՝ տուժողի զարմիկը՝ հորեղբոր որդին, ուստի՝ դատավորը չի կարող կողմնակալ ու գործի ելքով շահագրգռված չլինել: Պաշտպանական կողմը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան, ինչպես նաև՝ բողոքներ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի դատախազին:

 

Տուժողները ծանրացուցիչ հանգամանքներում սպանվել են 2002թ. մայիսի 31-ին՝ գիշերը ժամը 01:20-ի սահմաններում՝ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Սիգարոն» ՍՊԸ-ի մասնաշենքի մոտակայքում՝ իրենց կողմից վարած ավտոմեքենայի մեջ, ինքնաձիգից արձակված կրակահերթի հետևանքով: Այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքով քրեական գործ էր հարուցվել՝ 99-րդ հոդվածի 4-րդ կետով, ապա համապատասխանեցվել գործող օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերին և 235-րդ հոդվածի 1-ին մասին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանություն և ապօրինի կերպով ձեռք բերված զենք: Մեկ հոգի գործի շրջանակներում արգելանքի տակ է եղել, սակայն նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ գործի վարույթը տևական ժամանակ կասեցված է եղել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի՝ որպես մեղադրյալ: 

 

«Փաստինֆո»