Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնում է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տվյալներ, նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Լրագրողների հետ զրույցում Արսեն Այվազյանն ընդգծեց, որ նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացած գրությունը: «Մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է գործի ընդհանրության մեջ նայել, դիտարկել, քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների մասին»,- ասաց Այվազյանը:
Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի նախարարությունից ստացած գրությունն առնչություն ունի Ամուլսարի վերաբերյալ քրեական գործում առկա տվյալների հետ: «Սրանով պայմանավորված՝ մենք կարիք ունենք այդ գրության մեջ նշված տեղեկությունները քննարկել, ուսումնասիրել, համադրել նախկինում առկա տվյալների հետ»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը չբացառեց, որ մասնագիտական բնույթի հարցերի առաջացման դեպքում կարիք լինի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության:
«Մենք ուսումնասիրում ենք նոր տվյալները՝ կապված «Էլարդ»-ի կողմից տրված եզրակացության հետ, և, եթե ի հայտ գան լրացուցիչ հարցեր, որոնք մասնագիտական բնույթ են կրում, նման իրավիճակում մենք հնարավորություն ունենք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»,- ասաց Այվազյանը: