«Վերածնունդ» հասարակական կազմակերպության հիմնադիր, Պլեխանովի ՌՏՀ ԵՄ-ի ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Դավիթ Բաղդասարյանը Սամարայում մասնակցել է Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպված կլոր սեղանին՝ արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի փորձի փոխանակման թեմայով: Միջոցառումն իրականացվել է Մոսկվայի հայրենակցի տան և Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:
Կլոր սեղանի իր ելույթում Դավիթը խոսել է «Վերածնունդ» հասարակական կազմակերպության թիմի ձեռքբերումների մասին, կարևորել կազմակերպության նպատակները՝ հայրենասիրությունը, կամավորությունը և բարեգործությունը, ինչպես նաև կարևորել երիտասարդների ներգրավվածությունը կազմակերպության գործունեության մեջ:
Մարտի 28-31-ը տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի փորձի փոխանակմանը, ինչպես նաև ռուսալեզու Սփյուռքի հետ համագործակցության հարցերի և այդ գործընթացում ԶԼՄ-ների դերի քննարկմանը: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Սամարա քաղաքի մշակութային ժառանգությանը՝ մշակութային և էքսկուրսիոն ծրագրի շնորհիվ:
«Կարևոր է նշել, որ չնայած որոշ հարցերի քաղաքական ենթատեքստին, մենք՝ որպես երիտասարդներ, գնահատում և հարգում ենք եղբայրական Ռուսաստանին և ռուսական աշխարհին ՝ չխառնվելով քաղաքականությանը:
Ժողովուրդների միջև բարեկամության և մշակութային փոխանակման կարևորության ճանաչումը առանցքային դեր է խաղում մեր հարաբերություններում:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին նման կարևոր միջոցառման անցկացման համար, որը նպաստում է երկրների միջև համագործակցության զարգացմանը և աջակցում երիտասարդների միջև փորձի փոխանակմանը»,- իր ելույթում ընդգծել է Դավիթը: