Քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն զանգահարեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից տուժած 20-ամյա Տաթև Հակոբյանի ընկերուհին` Նարե Զաքարյանը և հայտնեց, որ Տաթևը երբևէ գիտակցությունը չի կորցրել և դեռ վիրահատության չի ենթարկվել:

 

«Լուրեր են տարածվել, որ Տաթևիկն անգիտակից վիճակում է և մի քանի վիրահատություն է տարել: Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նա երբևէ չի կորցրել գիտակցությունը, առաջին վիրահատությունն էլ սպասվում է 1 շաբաթ հետո»,- ասաց Նարեն:

 

Վերջինս հաղորդեց նաև վթարի որոշ մանրամասներ, որոնք նրան պատմել է անձամբ Տաթևը. «Ասում է, որ իրենք նկատել են հետևից եկող ավտոմեքենան, որը մեծ արագությամբ է սլացել և անկանոն ուղղությամբ շարժվել: Հայրն ասել է. «Կանգնենք, թող գա անցնի: Շառից, փորձանքից հեռու», բայց ավտոմեքենան եկել է ու հարվածել իրենց մեքենային»:

 

Տաթևը դեռ տեղյակ չէ, որ 2 եղբայրները մահացել են: «Նրան ասել ենք, որ կոմայի մեջ են: Կամաց-կամաց նախապատրաստում ենք»,- ասաց Նարեն:

 

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ Տաթևի հայրը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, նա տանն է և արդեն քայլում է, թեև բժիշկները սկզբում ասել էին, որ հնարավոր է' չքայլի: