Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննություններից ոչ մեկի պատասխանը դեռ չի եկել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրը:

 

Ըստ տեղեկությունների` Վարդան Պետրոսյանը հարցաքննվել է: Դերասանն առայժմ վկայի կարգավիճակում է: Միայն փորձաքննության եզրակացությունից հետո կորոշվի նրա կարգավիճակը :

 

«Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է քրոջ տանը, նրան մեկուսացրել են հասարակությունից եւ նվազագույնի են հասցրել շփումները շրջապատի հետ: Ընտանիքը, հարազատները չեն ցանկանում շփվել ոչ մեկի, առավել եւս՝ լրագրողների հետ եւ խնդրում են իրենց հանգիստ թողնել»,-տեղեկացնում է լրատվամիջոցը:

 

Աղբյուրները հայտնել են, որ Վարդան Պետրոսյանը անհաղորդ էր նաեւ ոստիկանների հետ շփումներում, մասնավորապես ցուցմունք տալիս նա ոչինչ չի պատմել, որեւէ բան չի ասել, լուռ էր, հարցերին չի պատասխանել:

 

 

Տեղեկացնենք, որ վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: