Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի 3D մոդելավորված տարբերակի պատրաստման աշխատանքներն առայժմ հետաձգվում են՝ կախված եղանակային պայմանների հետ: «Եղանակային պայմանները պետք է համընկնեն վթարի օրը եղած եղանակի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը,- «Մենք նախորդ օրերին գնացել ենք մառախուղ էր, երեկ էլ գնացել ենք պարզ լուսին էր»:

 

Փաստաբանի խոսքով՝ իրենք արդեն իսկ դիմել են օդերևութաբանական ծառայությանը, որպեսզի իրենց հստակ օր ասեն, թե երբ եղանակային պայմանները նույնը կլինեն, ինչ վթարի օրը: «Նույն պայմաններում պետք է կատարվի փորձարարությունը՝ տեսանելիությունը պարզելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ վթարի ենթարկված դերասանի փաստաբանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ մասնագետներն սկսել են աշխատել վթարի վերարտադրության 3D մոդելավորված տարբերակի վրա, որը պատրաստ լինելուն պես՝ ներկայացվելու է հանրությանը: