Հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների միջև անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն՝ ի հիշատակ ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի:
Միջոցառումը սկսվեց Վարդան Պետրոսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողակարգով, որն անցկացրին Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, Հոգեշնորհ Տեր Երեմիա վարդապետ Աբգարյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, վերակացու Արժանապատիվ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը: Վարդան Օնիկի Պետրոսյանը ծնվել է 1962 թվականին: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ՌԴ ՆԳ իրավաբանական ինստիտուտը: Ծառայությունն սկսել է որպես ՀԽՍՀ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունման-բախշման բաժնի դաստիարակ, անցել աշխատանքային իր ազնիվ ճանապարհը, իսկ կյանքի վերջին տարիներին՝ 2001-2004 թվականներին, ծառայել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ որպես ակադեմիայի ուսումնական գծով պետի տեղակալ: Ամուսնացած էր, ունի երկու զավակ:
Միջոցառմանն հրավիրված էին Վարդան Պետրոսյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները: Մինի ֆուտբոլի առաջնությունում համառ պայքարի արդյունքում հաղթեց կրթահամալիրի հավաքականը: Հաղթող թիմը պարգևատրվեց Վարդան Պետրոսյանի անվան փոխանցիկ գավաթով և համապատասխան դիպլոմով ու մեդալներով, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին հանձնվեցին երկրորդ տեղի մեդալներ և դիպլոմներ: Պատվոգրերի հանձնումն իրականացրին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և բարերար Արտակ Թովմասյանը:
Ճշմարիտ է ասված՝ քանի դեռ կան մարդիկ, ովքեր այսքան սիրով են հիշում իրենց ծառայակից ընկերներին, նրանք ողջ են, մեզ հետ և մեր մեջ: