Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին կունենա իր թեկնածուն: Այս մասին ապրիլի 1-ին թատրոնի աշխատակազմի ընդհանուր հանդիպման ժամանակ նշեցին դերասանները: Ապրիլ 26-ին նախատեսված մրցույթին, որպես տնօրեն, աճեմյանցիները առաջադրեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությունը, ով նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին անցնելուց հետո արդեն իսկ ժամանակավորապես զբաղեցնում է այդ պաշտոնը:
«Մենք մեր թեկնածուն ունենք, ու սա արվում է թատրոնը հետագա ավելորդ ցնցումներից պաշտպանելու համար: Շնորհիվ թատրոնի երիտասարդ ղեկավարների՝ գեղարվեստական ղեկավարի ու արդեն նախկին տնօրենի այս երկու տարիների ընթացքում մեր թատրոնի մասին բոլորը իմացան»,-իր խոսքում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը:
Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությամբ տնօրենի ընտրության մրցույթին ներկայանալուն կողմ էին ինչպես դերասանների տարբեր սերունդների ներկայացուցիչներն, այնպես էլ տեխնիկական անձնակազմի անդամները:
Վերջում շնորհակալություն հայտնելով անձնակազմից վստահության համար՝ Լյուդվիգ Հարությունյանը վստահեցրեց, որ տնօրեն ընտրվելու դեպքում թատրոնի գեղարվեստական աշխատանքները չեն տուժի: «Սա այն թատրոնն է, որ այս 2 տարվա ընթացքում ապացուցեց, որ բաց է ցանկացած ստեղծագործողի համար, իսկ եթե իմ՝ տնօրենի պաշտոնին անցնելու դեպքում ընտրության անհրաժեշտություն լինի, ապա թատրոնում շատ լավ ռեժիսորներ կան, ովքեր կկարողանան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել»:
2018 թվականի հոկտեմբերին Երևանի ավագանու որոշմամբ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Հարությունյանը զուգահեռ կատարել է նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։