Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դրությամբ դեռ դատարանից ծանուցում չի ստացել դատական նիստին ներկայանալու համար, ինչը նշանակում է, որ նրա պաշտպանյալի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցով դատական նիստ տեղի չի ունենա:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ասելով, որ վաղվա համար արդեն ուրիշ գործողություններ է պլանավորել:

 

«Ներկայացված միջնորդությունում որպես «հիմք» են բերում այն, որ Վարդան Պետրոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր գործողություններ, ինչպես նաև՝ ազդել գործով անցնող մասնակիցների՝ տուժողների վրա, այսինքն՝ նոր հանցագործություններ կատարել, ուստի անհրաժեշտ է կալանավորել իրեն»,-ասաց փաստաբանը և նշեց, որ պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու, որ այդ պատճառաբանությունն անհիմն է:

 

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 

Նիկոլայ Բաղդասարյանն աբսուրդ է համարում, որ նախաքննությունը հաշվի չի առնում 8000 մտավորականների երաշխավորող ստորագրությունները:

 

«Փաստորեն՝ այդ մտավորականները, որոնք երաշխավորել են նրա համար, արհմարհված են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին իր աջակցությունն էր հայտնել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am